Աշխարհի բնակչության 150 մլն-ից ավելին վարակված է հեպատիտ C-ով, տարեկան հայտնաբերվում է 3-4 մլն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350-500 մարդ մահանում է հեպատիտ Ց-ից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի ղեկավար Հասմիկ Ղազինյանը:
«Հայաստանում վարակվածների թիվ չկա, կա տոկոս՝ Հայաստանը միջին վարակվածության երկրների շարքում է՝ ազգաբնակչության 3-4 տոկոսը: Լինում են նախնական հետազոտության արդյունքներ և վերջնական, սա նախնականն է» ,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդների թիվը ամեն տարի, որպես կանոն, ավելանում է երկու անգամ:
Ասուլիսի մյուս բանախոսներ՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի գլխավոր տեղակալ, բ.գ.թ. Լիլիթ Ավետիսյանը և ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծության ԳՀԻ-ի տնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը ազգաբնակչությանը զգուշացրին, որ ռիսկային խմբերում են գտնվում հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք վերադառնում են վարակի փնջով, ինչպես նաև «սեքս ծառայություն» մատուցողները: Ռիսկային խմբում կարող են հայտնվել նաև ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ միջավայրում որևէ ծառայությունից օգտվողները ՝ ատամնաբույժի ծառայություններից մինչև մատնահարդարման: Օրինակ՝ 27 տարեկան մի հիվանդ գյուղի ատամնաբուժարանում է վարակվել, այն փոխանցվում է արդեն օգտագործված տեխնիկայի միջոցով:
Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային վիճակը ցույց է տալիս, որ հեպատիտով հիվանդացության մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: Ընդ որում, հեպատիտ A-և B-ի ցուցանիշները նվազման միտում են արձանագրում: Մասնագետները փաստում են, որ մեր բնակչությունը այսօր արդեն չի ամաչում այս խնդրով դիմել բժշկի, ինչը դրական միտում է, քանի որ հեպատիտի որևէ տեսակի առկայությունը կարող է հանգեցնել բազմաթիվ զուգակցված այլ հիվանդությունների՝ լյարդային խնդիրներից, մինչև քաղցկեղի առաջացում: Ուստի մասնագետները նկատում են՝ թեև հիվանդությունը բուժվող է, բայց ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը:
Բանախոսները հատկապես արտագնա աշխատանքի մեկնողներին խորհուրդ են տալիս օգտվել առկա խորհրդատվական ծառայություններից, հասկանալ՝ որ երկիր են գնում, ինչ վիճակ է այնտեղ, որոնք են ռիսկային գոտիները:









































