Պարագվայում սպանվել է գյուղացիական շարժման վերջին ղեկավարներից մեկը, որի հողային վեճերը քաղաքական գործիչների հետ այս տարվա հուլիսին հանգեցրին երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյի հրաժարականին:
The Guardian-ը, վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, հաղորդում է, որ երկու հոգի որսորդական հրացանից կրակ են արձակել քաղաքական ընդդիմադիր գործիչ Վիդալ Վեգայի վրա և անհետացել մոտոցիկլով:
Վեգայի ընկերը` Մարիո Էսպինոլան, հայտնել է, որ նրան սպանել են իր կենդանիներին կերակրելու ժամանակ:
Վիդալ Վեգան հողազուրկ գյուղացիների հարցով զբաղվող հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկն էր: Երկար տարիների ընթացքում նա փորձում էր կառավարության միջոցով ետ վերցնել այն հողերը, որոնք յուրացրել էր իշխող կուսակցությունը ներկայացնող սենատորներից մեկը:








































