Այսօրվանից կաթվածահար է եղել Կիպրոսի Հանրապետության քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վճարել նոյեմբերի աշխատավարձը:
Հանրապետությունում ամբողջությամբ դադարեցվել է միջքաղաքային երթևեկությունը: Երթուղի դուրս չեն եկել Նիկոսիայի, Լառնակայի, Լիմասոլի և Ֆամագուստայի շրջանների քաղաքային տրանսպորտային միջոցները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ներկայում Կիպրոսի հեռահաղորդակցության և հասարակական աշխատանքի նախարարությունը, ինչպես նաև խորհրդարանի հեռահաղորդակցության կոմիտեի ղեկավարը փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Աշխատակիցները հայտարարել են, որ իրենք այսօր կհավաքվեն` որոշում կայացնելու իրենց հետագա գործողությունների վերաբերյալ:
Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այս ամսից Կիպրոսում կգործեն հակաճգնաժամային ծրագրի տնտեսական կոշտ միջոցառումները, որոնք սկզբունքորեն համաձայնեցվել էին անցած ամսվա վերջին` կիպրական իշխանությունների և միջազգային վարկատուների միջև:
Բացի վճարումների սպասվելիք կրճատումներից՝ վարորդները անհանգստացած են 13-րդ՝ ավանդական աշխատավարձի չվճարմամբ:









































