«Կառավարությունը պարտավորվել է ծրագրերի իրականացման առումով շեշտը դնել ներքին ռեսուրսների վրա, բայց ԱԺ ամեն քառօրյային բերվում են նոր վարկային ծրագրեր: Սա այն դեպքում, երբ արտաքին պարտքի սպասարկման գումարը մոտենում է 400 մլն դոլարի: Ինչո՞ւ կառավարությունը չի հենվում ներքին ռեսուրսների վրա»,- այսօր ԱԺ նիստում նման հարցադրում արեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ներկայացման ժամանակ, որի համար կառավարությունը ՀԲ-ից 12 մլն դոլար վարկ է վերցնում:
Ըստ Փաշինյանի՝ այդ 12 մլն դոլար վարկը փաստացի վերցնում են ՀՀ ժողովրդից, քանի որ ի վերջո ժողովուրդն է այն վճարելու. «Գործ ունենք մի համակարգի հետ, որտեղ 12 մլն դոլար գումարը շատ մանր գումար կարող է համարվել` հաշվի առնելով շատ-շատ-շատ-շատ կոռուպցիոն ռիսկեր: Մենք ամեն քառօրյայի մեծացնում ենք ՀՀ պարտքի բեռը՝ ի հեճուկս կառավարության ստանձնած պարտավորությունների»:
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ անկախության տարիների ընթացքում կառավարությունը ներդրում չի ունեցել հարկային համակարգի արդիականացման մեջ, իսկ այս ծրագիրն ամբողջովին վարկ չէ՝ այն 3 մլն դոլարով համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից:
«Սա այն նվազագույն գումարն է, որ համակարգում գործընթացներն ավտոմատացվեն: Շատ վատ եմ զգում, որ տնտեսվարողները մեզ հետ չեն շփվում թվային եղանակով: Ո՞ր դարն է, որ հաշվետվությունները թղթային կրիչներով են բերում: Այս համակարգը թույլ կտա լուրջ հեղաշրջում իրականացնել տնտեսվարողներ-հարկային համակարգում: 70 հզ. տնտեսվարողներ 2013-ից պետք է էլեկտրոնային եղանակով տան հաշվետվություն, բայց այսօր մենք չունենք սերվերային նորմալ համակարգ, ամռան շոգ ամիսներին համակարգը կախում է, և չեն կարողանում մուտք գործել: Այսպես առաջ գնալ այլևս հնարավոր չէ: Վարկի 12 մլն դոլարը կարող ենք վերականգնել 2-3 տարում»,- ասաց Ա. Ալավերդյանը:
«Դուք իմ հարցի էությունը կամ բաց թողեցիք, կամ չցանկացաք նկատել: Եթե ՊԵԿ նախագահի ծաղկաձորյան առանձնատունը վաճառքի հանեք, 4 հատ այսպիսի ծրագիր կիրականացնենք»,- հակադարձեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ բարեփոխումների համար գումարը ներքին ռեսուրսներից կարելի է գտնել. «Հերիք է մեր տնտեսվարողներին լավություն անենք տնտեսվարողների երեխաների հաշվին»:








































