Քեյփթաունի (ՀԱՀ) հանրահայտ Սեղանաձև լեռը պաշտոնապես դարձել է բնության 7 նոր հրաշալիքներից մեկը: Նոր հրաշալիքներն ընտրվել են համաշխարհային ժողովրդական քվեարկության արդյունքում: Այս մասին հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Քեյփթաունի քաղաքապետ Պատրիսիա դե Լիլի խոսքով՝ բնության 7 նոր հրաշալիքների ցուցակում Սեղանաձև լեռան ներառումը տնտեսական և սոցիալական մեծ շահ կբերի քաղաքին և ողջ Հարավային Աֆրիկային:
Բնության յոթ նոր հրաշալիքների հիմնադրամի ստեղծող Բեռնար Ուեբերը նշել է, որ Հարավային Աֆրիկայի բնակիչները պետք է հպարտանան Սեղանաձև լեռան ընտրությամբ, որը Քեյփթաունի «հոյակապ պատկերն է» է:
Աշխարհի «լեռնային» հրաշքները կոշտ մրցակցության են բախվել բնության այնպիսի հրաշքների հետ, ինչպիսին է Մեծ կիրճը և Մեռյալ ծովը: Սեղանաձև լեռը «հսկում» է ողջ Քեյփթաունը և հույսի փարոս է եղել շատերի համար: Երբեմն հնարավոր է ականատեսը դառնալ սպիտակ ամպերը սփռոցի նման լեռը ծածկող գեղատեսիլ պատկերի:
Նոր հրաշալիքների ցանկում են նաև Հարավային Ամերիկայի Ամազոնի ջունգլիները, Հարավային Ամերիկայի Իգուասու ջրվեժը, Հարավային Կորեայի Չեջուդո կղզին, Ինդոնեզիայի «Կոմոդո» ազգային պարկը, Վիետնամի Հալոնգ ծոցը և Ֆիլիպինների ազգային պարկի Պուերտո Պրինցեսա ստորգետնյա գետը:










































