TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, ավարտվել է Թուրքիայում Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման քննարկումը: Որոշվել է, որ Գերմանիան Թուրքիային կուղարկի Patriot PAC-3 երկու համալիր, իսկ Նիդերլանդները՝ Patriot PAC-2 մեկ համալիր:
Ռազմական աղբյուրները, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն հայտնում, թե Թուրքիայում կոնկրետ որ վայրերում են տեղակայվելու Patriot զենիթա-հրթիռային համալիրները: Հայտնի է միայն, որ դրանք տեղակայվելու են Դիարբեքիրի, Գազիայնթեփի ու Մալաթիայի նահանգներում:
Մոտ ժամանակներս Գերմանիայի և Նիդերլանդների խորհրդարանները կքննարկեն Թուրքիային Patriot զենիթա-հրթիռային համալիրներ ուղարկելու մասին նախագիծը: Վերջինիս հավանության արժանանալուց հետո զենիթա-հրթիռային համալիրների ուղարկման գործընթացը կարող է սկսվել դեկտեմբերի 9-ից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջել է Patriot զենիթա-հրթիռային 20 համալիր, մինչդեռ ՆԱՏՕ-ն պատրաստ է տրամադրել 8 համալիր:








































