Ապրանքների ներկրման ժամանակ մաքսազերծման խնդիրների մի մեծ մասը կապված է գնման գնի հետ, որով մաքսայինը չի իրականացնում մաքսազերծումը, այլ գերադասում է հիմնվել իր ցուցակի վրա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ներկայում եզակի դեպքեր կան, որ առանձին ընկերություններ ձեռք են բերել նման իրավունք և շարունակում են ինվոյսներով մաքսազերծել, նաև խոսակցություն կա, որ հունվարից վիճակի լավացում է նկատվելու, որոշ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ամեն դեպքում, ըստ նրա, այսօր վիճակը շարունակում է ընդհանուր վատ մնալ:
Գ. Մակարյանը հայտնեց, որ ինվոյսային արժեքներով ապրանք ներկրելու հարցում առավել հաջողել են համակարգչային ոլորտի ընկերությունները, որոնք հոդված 85-ով ձևակերպումները հստակ կատարում են: Հաջողել են նաև սննդի որոշ ներմուծողներ, բայց բավականին բարդ է լինում տարբեր տիպի, խառը ապրանքների հետ կապված՝ աղբյուրի ինֆորմացիայի պակաս է լինում:
«Խնդիր կա հաճախ նույն ՊԵԿ-ի շրջանակում տարբեր մաքսազերծող կառույցների մեջ: Այսինքն, գալիս է տարբեր կառգոներով, որտեղ վարչարարությունն ահավոր շատ է և կարծես դրա տակ այլ ցանկություններ են թաքնված՝ պաշտոնյաները ձգտում են ամեն կերպ ձգձգել, չստորագրել: Այստեղ խնդիր կա, որ տեղեկությունները շատ հստակ չի լինում վերցնել, որ մեծ մասը բրոքերների միջոցով է հարկ լինում վերցնել և որպեսզի բրոքերները իրենց հարաբերությունները չվատացնեն ՊԵԿ–ի հետ, խուսափում են դրա մասին խոսել»,- ասաց Գ. Մակարյանը:
Նա դրական արտահայտվեց հատկապես կենտրոնական գրասենյակի մասին, որտեղ պաշտոնյաները 85 հոդվածով նույնիսկ ժամերի ընթացքում տրամադրում են մաքսազերծման փաստաթղթերը. «ՊԵԿ-ում կարիք կա վերապատրաստման և, օրինակ, ՊԵԿ դռների վրա պետք է նշվի, թե այդտեղ կոնկրետ ինչ ծառայություն են մատուցում»:









































