Artsakhpress.am -ը գրել է.
Կտորեղենի արտադրությամբ զբաղվող «Սանդերք» ՍՊ ընկերությունն աշխատանքները սկսել է 2013 թվականից, և գործունեության տեսակով առայժմ միակն է Արցախում:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության տնօրեն Կարեն Չիրկինը: Խոսելով արտադրության ծավալների մասին` ընկերության տնօրենը նշեց, որ յուրաքանչյուր հաստոցից օրական ստացվում է միջինը 40 գծամետր կտոր, իսկ գործվածքի համար նախատեսված թելերը ներկրվում են Միջին Ասիայից:
Կ. Չիրկինը նշեց, որ ներկայումս ֆաբրիկայի 48 հաստոցից աշխատում է 42-ը՝ ընդգծելով, որ սարքավորումները¸ լինելով խորհրդային արտադրության, հիմնականում մաշված են և միայն վերանորոգումից հետո են հանձնվել շահագործման: Առաջիկայում նախատեսվում է նոր հաստոցներ պատվիրել:
«Անցած տարվա համեմատ ավելացել է կտորեղենի արտադրանքը: Գործվածքի մեջ օգտագործում ենք բացառապես բամբակ: Ծրագրի համաձայն նախատեսում ենք ընդլայնել սպառման ծավալները՝ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին նոր շուկաների ընդգրկմամբ»,- մանրամասնեց ընկերության տնօրենը` հավելելով, որ հիմնականում արտադրում են սպիտակեղեն ԼՂՀ Պաշտպանության բանակի համար:
Կ. Չիրկինի տեղեկատվությամբ` ներկայումս «Սանդերք» ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իրացման շուկան և աշխարհագրությունը, որի շուրջ նախնական պայմանավորվածություններ կան Հայաստանի Հանրապետության որոշ ընկերությունների հետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: