Ամերիկացի սպառողների՝ սոցցանցերից գոհունակության ինդեքսում ամերիկացի օգտատերերի ամենացածր գնահատականներին արժանացել են Facebook-ն ու LinkedIn-ը: Այս մասին է վկայում 2014 A merican Customer Satisfaction Index-ի հաշվետվությունը:
Թեև ռեսուրսները, նախորդ տարվա համեմատ, ավելացրել են իրենց միավորները (5-ական բալ յուրաքանչյուրին՝ մինչև 67), սոցցանցերի վարկանիշում ամերիկացի օգտատերերը դրանց հատկացրել են վերջին տեղը:
Հատկանշական է, որ հետազոտությունը անցկացվել է մինչ այն պահը, երբ Facebook-ը օգտատերերի նկատմամբ անցկացրեց հոգեբանական թեստ՝ նպատակ ունենալով ղեկավարել նրանց էմոցիաները:
Վարկանիշի առաջատար է դարձել Pinterest սոցցանցը, որը 1 տարում հավելել է 4 միավոր՝ մինչև 76, նրան հաջորդում է Wikipedia-ն՝ 74 միավորով, որի ցուցանիշը նվազել է 4 կետով:
YouTube վիդեոհոսթինգը օգտատերերի բավարարվածության սանդղակում հավաքել է 73 միավոր, Google+-ը պահպանել է նախկին 71 միավորը:
Twitter-ը հավաքել է 4 միավոր, սակայն հեռու չի գնացել Facebook-ից ու LinkedIn-ից՝ հավաքելով 69 միավոր:
ԱՄՆ-ում սոցցանցերի աշխատանքի բավարարվածության ինդեքսը միջինը հավելել է 3 կետ՝ մինչև 71 միավոր:









































