ՀԱԿ-ԲՀԿ և միգուցե նաև ՀՅԴ դաշինքի «միասնական թեկնածուի» հեռանկարը հիմնականում դիտարկվում է մեկ անձի տեսքով: Փորձագիտական հանրույթը կռահում է, թե ով կլինի այդ անձը, քանի դեռ հավակնորդները լռում են: Նրանցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, խոստացավ խոսել դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:
Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, կառաջադրի կա՛մ իր թեկնածությունը, կա՛մ մեկ ուրիշի՝ իր անունից: Դրանից հետո կսպասվի Տեր-Պետրոսյանի որոշումը՝ կա՛մ սատարել Ծառուկյանին, կա՛մ ոչ: «Ոչ»-ի տարբերակը դիտվում է «միասնական թեկնածուի» հեռանկարից դուրս: Բայց, հնարավոր է նաև «միասնականություն» «ոչ»-ով: Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի առանձին առաջադրումներն ամենևին չեն նշանակում, որ «միասնականությունը» տապալվել է: Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը կարող են համագործակցել նաև առանձին առաջադրվելով: Տարբերակներից մեկում նրանք կարող են իրավիճակը հասցնել երկրորդ փուլի, որտեղ արդեն Տեր-Պետրոսյանը կհայտարարի Ծառուկյանին սատարելու մասին (երկրորդ փուլի շանս ունի Ծառուկյանը):
Կամ էլ, Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը կարող են միանալ հետընտրական իրավիճակում՝ բողոքելով ընտրակեղծիքների դեմ: Իրավիճակը շատ նման է 2008 թվականին, երբ Արթուր Բաղդասարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններին մասնակցեցին առանձին–առանձին, թեև ընտրությունից առաջ շարունակաբար ծավալվում էր նրանց միավորվելու թեման: Ընտրություններից հետո՝ հետընտրական իրավիճակում, եթե Արթուր Բաղդասարյանը միանար Տեր-Պետրոսյանին, ապա էֆեկտը կարող էր իշխանությունների համար պայթյուն հիշեցնել: Պատահական չէ, որ իշխանությունները Տեր-Պետրոսյանի և ժողովրդական շարժման դեմ ուժի դիմեցին միայն այն բանից հետո, երբ վերջնականապես լուծեցին Արթուր Բաղդասարյանի հարցը: Ներկայում, սակայն, զուտ ուժերի հարաբերակցության առումով, Արթուր Բաղդասարյանին ավելի մոտ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Բանն այն է, որ Ծառուկյանն ունի շատ ավելի մեծ հանրային ռեսուրս: Դրա պատճառներն այլ հարց են: Փաստը, սակայն, այն է, որ Ծառուկյանն է ներկայումս այդ «տանդեմի» առաջատարը: Հետևաբար սպասվողը լինելու է այն, թե երբ է Տեր-Պետրոսյանը միավորվելու Ծառուկյանին, որ պահին՝ քվեարկությունից առա՞ջ, թե՞ դրանից հետո: Միգուցե այստեղ նաև Տեր-Պետրոսյանն է փորձում իր համար երաշխիքներ ապահովել: Եթե նա Ծառուկյանին սատարի, նրան միանա ընտրություններից՝ քվեարկությունից առաջ, ապա հետո ԲՀԿ առաջնորդը կարող է անկանխատեսելի քայլ կատարել և գնալ Սերժ Սարգսյանի հետ համաձայնության: Ի վերջո, առաջին անգամ չէ, որ Ծառուկյանն այդ առումով կտրուկ շարժում կարող է անել: Կա կոալիցիոն հուշագրի օրինակը:
Հետընտրական իրավիճակում Տեր-Պետրոսյանը որոշում կկայացնի արդեն կոնկրետ դիտարկելով Ծառուկյանի վարքը: Ընդ որում, հետընտրական իրավիճակում Տեր-Պետրոսյանի միացումը կարող է առավել պահանջված լինել Ծառուկյանի համար, քան մինչև այդ՝ ԲՀԿ-ի առաջնորդին հնարավորություն տալով առավել վերջնագրային բնույթ տալ ինտրիգին: Միևնույն ժամանակ, հետընտրական պարագային թողնելով «միացումը»՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է իր կշիռը բարձրացնել նաև Սերժ Սարգսյանի համար՝ ընդլայնելով իր ներկայումս շատ նեղացած մանևրի հնարավորությունները:







































