Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում այցելել է «Մալաթիա» պուրակ, որտեղ իրականացվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ՝ քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում:
Պուրակի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում կվերակառուցվի նաև Սեբաստիա փողոցը Ռոմանոս Մելիքյան փողոցին միացնող անցուղին, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորության համակարգ: Տարածքն էլ կապահովվի ոռոգման ցանցով:
Տարոն Մարգարյանը շրջայցի ընթացքում պատասխանատուներին հանձնարարեց հետևել աշխատանքների ընթացքին, որակին: Նա անդրադարձավ նաև ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինային:
«Վերջին երեք տարվա ընթացքում իրականում համատեղ ծրագրերի արդյունքներն իսկապես նկատելի են, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կունենա իր շարունակությունը՝ ընդգրկելով համատեղ նոր ծրագրեր»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































