Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանը մասնակի մոբիլիզացման մասին: Այդ որոշման օգտին նիստում քվեարկել է 232 խորհրդարանական անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի փոխարեն, հայտնում է RIA Novosti-ն:
Պորոշենկոն նախօրեին համապատասխան փաստաթուղթը ուղարկել է Գերագույն ռադա՝ հաստատման: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին ավելի վաղ հայտարարել էր, թե մասնակի մոբիլիզացիան անհրաժեշտ է արևելքում՝ հակամարտության գոտում ուժայինների ռոտացիայի, ինչպես նաև զորքերի ամրապնդման համար:
Մասնակի մոբիլիզացիան հայտարարված է՝ կապված Ուկրաինայի արևելքի իրադարձությունների հետ:
Հրամանի համաձայն՝ մասնակի մոբիլիզացիա է անցկացվում երկրի բոլոր 24 շրջաններում, և այն տևելու է 45 օր՝ հրամանը ուժի մեջ մտնելու օրվանից:









































