Աղջիկը, որը լուսանկարվել է Օսվենցիմի ֆոնին և լուսանկարը հրապարակել Twitter-ի իր էջում, դարձել է սոցցանցի հակահերոս։ Այդ մասին հաղորդում է BuzzFeed-ը։ Ինտերնետի օգտատերերը նրան քննադատել են անտեղի ժպիտի և «ուրախ» մակագրության համար։
Թեև լուսանկարը դեռահաս աղջիկը (նրա անունն ու բնակության երկիրը չի նշվում) հրապարակել է 2014 թ. հունիսի 20-ին, դրա քննարկումը թեժացել է միայն մեկ ամիս հետո։ Օգտատերերն ավելի քան 3600 ռեթվիթ են արել։
Սելֆիի հեղինակը, իր հերթին, քննադատությանն արձագանքել է ագրեսիվորեն։ Սակայն, ի վերջո, ստիպված է եղել ընդունել, որ լուսանկարն անհաջող է եղել, և ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է իր հրապարակումը։













































