ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի արևելքում Boeing 777-ի կործանման հետ կապված կոնկրետ գործողություններ ձեռնարկելու և իր ազդեցությունը աշխարհազորայինների վրա օգտագործելու կոչով, որպեսզի նրանք ապահովեն կործանման վայր միջազգային փորձագետների մուտքը, գրում է Gazeta.ru-ն:
«Պարոն Պուտինը բազմիցս նշել է Boeing-ի կործանման հետաքննությունը հնարավորինս արագ սկսելու և ողբերգության պատճառները առավելագույնս ճշգրտորեն պարզելու անհրաժեշտությունը: Ես հարգում եմ այդ տեսակետը, սակայն ռուսական կողմից կոնկրետ գործողությունների եմ սպասում»,- բացատրել է Օբաման՝ ավելացնելով, որ ռուսական իշխանությունները պետք է հրաժարվեն այն քաղաքականությունից, որը որդեգրել են Ուկրաինայի նկատմամբ:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Boeing 777-ի կործանման հետևանքով զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներն ավարտվել են:









































