Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ահալայի կինը` Աննա Նադարեիշվիլին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «Ազատության և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Նրա խոսքերով՝ ՀԿ–ն բաց կլինի բոլոր նրանց առաջ, ում իրավունքները որևէ կերպ կոտնահարվեն այսօրվա կառավարության կողմից:
Կազմակերպության անդամները նպատակ ունեն ներքին գործերի նախարարությունից պահանջել տվյալներ այն մասին, թե որքանով են աճել հանցագործությունները երկրում, իսկ այլ ծառայություններից կպահանջեն բացատրություններ աշխատակիցների ազատման առնչությամբ:
«Նոր իշխանության գալով՝ Վրաստանում շատ դժվար իրավիճակ է ստեղծվել: Սկսվել են քաղաքական հետապնդումներ, ճնշումներ, ինչպես նաև առաջացել է վախի մթնոլորտ: Երկրի ողջ տարածքում մեծացել է հանցագործությունների թիվը և կոռուպցիան: Նոյեմբերին միայն Թբիլիսիում 7 սպանություն է կատարվել: Այս համատեքստում շատ կարևոր է քաղաքացիների ցուցաբերած ակտիվությունը, որպեսզի նախկինում ձեռք բերված հաջողություններն ի չիք չդառնան»,- ասել է Նադարեիշվիլին: