Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր անդրադարձել է մինչև 1918 թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցուն` կառուցված 1828-ին, որը որակվել է որպես «ալբանական» գոմ: Այն գտնվում է այսօրվա Շաքիի շրջանում՝ Կուրից հյուսիս ընկած հատվածում:
Սամվել Կարապետյանի խոսքով` Շաքի գավառում շուրջ 50 հայաբնակ գյուղ է եղել, որոնք 1918 թվականին թուրքական բանակի ներխուժմամբ ոչնչացվել են: Նա զարմանք է հայտնել, որ այս եկեղեցին դեռ գոյություն ունի, առողջ կառույց է և որպես գոմ է ծառայում:
Դաշբուլաղը 1918-ից ի վեր հայաթափ գյուղ էր, որտեղի բնակչության նախնիները գաղթել են Ջրաբերդ և Խաչեն գավառներից: 2011-ին Դաշբուլաղ գյուղում մի սլովակ նկարել է կովեր, և քանի որ եկեղեցին որպես գոմ է օգտագործվել, հետին պլանում գոմն էլ կադրի մեջ է հայտնվել:
Սամվել Կարապետյանն ասաց, որ սլովակը կովեր է նկարել, քանի որ Ադրբեջանը 4,5 միլիոն դոլար է հատկացրել իր խոշոր եղջերավորներին ավելացնելու նպատակով և Ավստրիայից ու Գերմանիայից ազնվացեղ ցուլեր և կովեր է ներմուծել, որոնց մի մասը բաժին է հասել Դաշբուլաղ գյուղին, որը հիմա թուրքաբնակ գյուղ է: Նա հետաքրքրվել է, թե ինչ ճոխ գոմ է, պատասխանն էլ եղել է, թե դա ալբանական եկեղեցի է:
«Ադրբեջանցիները չեն դադարում դեռևս գոյություն ունեցող հայկական հուշարձանները ալբանական պիտակել և ոչնչացնել: Այսօր մենք արդեն ունենք տեղեկություններ, որ Նախիջևանում հայկական համալիրները նույնպես նույն ճակատագրին են արժանացել` նախապես պիտակավորվելով իբրև ալբանական»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Սբ. Գևորգ եկեղեցուց պատմական վկայագրությունը նկարագրող վկայագրերը ոչնչացվել են, սակայն ակնհայտ է, որ սա 19-րդ դարի եռանավ, համարյա բոլոր գյուղերում լայն տարածում ունեցող հայկական եկեղեցի, սա առողջ կառույց է:
Սամվել Կարապետյանի խոսքով` փորձը ցույց է տվել, որ մենք հետամուտ չենք նման հարցերի լուծմանը, և հենց Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումից հետո մեր անկախ պետությունը, ըստ էության, ոչինչ չարեց:
«Նվազագույնը, որ կարող էր արվել, բոլոր բանակցությունների ժամանակ մատի փաթաթան սարքած՝ կարելի է ասել, որ սա այն երկիրն է, որը հակամշակույթ է, քաղաքակրթության թշնամի»,- ասաց նա` ավելացնելով, որ Ադրբեջանում զարհուրում են հայկական խոսքից: Մեծ հաշվով, ըստ նրա, ադրբեջանական կառավարական շրջանակներին, լրատվամիջոցներին տարիների ընթացքում հաջողվեց հասարակությանը հիվանդացնել:
Նա հիշեցրեց, որ երբ արգործնախարարը Վարդան Օսկանյանն էր, Ջուղայի գերեզմանատան ոչնչացման հետ կապված մի առիթով է միայն Ստրասբուրգում հիշատակել Ջուղայի անունը, հետո զանգել, ասել, որ խոսել է, որ հետո չասեն, թե չի խոսել: Սա եղել է առաջին և վերջին անգամ:
«Մեր անտարբերությունը սահման չունի: Մեր կողմից այս պահին կա միայն լռություն, հենց մեր ֆիլմերից մեկն էլ կոչվում է «Լռություն», մենք ամեն ինչ կորցնում ենք, բայց տեղից չենք շարժվում։ Ես արդեն քսան տարուց ավելի է՝ կոչ եմ անում»,- ասաց նա և խորհուրդ տվեց դիտարկել նաև այդ քայլը:
«Պետք է այս քայլերը ընկալել որպես կռվան, ասել, որ դուք այն երկիրն եք, որը Ջուղա է իրականացրել, դուք այն երկիրն եք, որ մոլորակի մշակույթին, քաղաքակիրթ աշխարհին դեմ է: Վայրենիների հետ նույն սեղանի շուրջ չեն նստում։ 3000 խաչքար բանակի ուժով խճազանգվածի վերածեցին, և հետո Արմերիկայում Ադրբեջանի դեսպանն ասում է, թե դա ալբանների մշակույթն է, որին գորովանքով են մոտենում: Ինչ տարբերություն՝ հայ սպա՞ են կացնահարում, թե՞ այսքան խաչքար ու մշակութային արժեք»,- ասաց հուշարձանագետը:










































