Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա է եղել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշել, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրորդ այցը Հայաստան վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին և համոզմունք է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի ինտեգրման գործընթացին: Նրա խոսքով` 2012 թվականը նշանակալից էր ՀՀ երեք քաղաքական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» համար, որոնք դիտորդի կարգավիճակով անդամակցել են ԵԺԿ-ին: ԱԺ նախագահի խոսքով` հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին դիտվում է որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ և բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին մեր հավատարմությունից:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ, և այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը կանի հնարավորը` էլ ավելի խթանելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը:
Ուիլֆրիդ Մարթենսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է, որ իր վերջին այցից հետո դրական արդյունքներ և առաջընթաց է գրանցվել և կարևորել Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին: Նա ուրախությամբ է փաստել, որ այսուհետ հայաստանյան կուսակցությունները իրենց ակտիվ մասնակցությունն են բերում և ներգրավված են Եվրոպայում քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:








































