Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում գերազանցել է 465 հազարը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է փախստականների գործով ՄԱԿ գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:
Նրա խոսքերով՝ Հորդանանում ապաստան են գտել 138 հազար սիրացի, Լիբանանում՝ 133 հազար,Թուրքիայում՝ 123.7 հազար, Իրաքում՝ 60.3 հազար, Հյուսիսային Աֆրիկայում՝ 9.7 հազար: Ընդ որում, նա խոստովանել է, որ իրականում փախստականների թիվը շատ ավելի մեծ կարող է լինել:
«Իշխանությունների տվյալներով՝ տարածաշրջանում տասնյակ հազարավոր սիրիացիներ գրանցված չեն, այդ թվում՝ Եգիպտոսում՝ 150 հազար, Հորդանանում՝ 100 հազար, Թուրքիայում՝ 60-70 հազար և Լիբանանում տասնյակ հազարավորներ»,- ասել է Ֆլեմինգը:
Նա նաև նշել է, որ գրանցվել են դեպքեր, երբ երկրից փախչող մարդիկ ենթարկվում են գնդակահարման, և կոչ է արել անմիջապես վերջ դնել նման գործողություններին: Միևնույն ժամանակ, Ֆլեմինգը դժվարացել է պատասխանել, թե ով է հարձակվում փախստականների վրա՝ կառավարական ուժերը, թե զինված ապստամբները:
Խոսելով ներքին փախստականների մասին՝ Ֆլեմինգը, վկայակոչելով Սիրիայի արաբական կարմիր մահիկին, ասել է, որ Հոմսում նրանց թիվը կազմում է 250 հազար մարդ այն դեպքում , երբ ամբողջ Սիրիայում ներքին փախստականների թիվը հասել է 2.5 միլիոն մարդու:
Նշենք, որ փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի վարչությունը սկսել է ոչ մթերային մարդասիրական օգնություն բաժանել Հոմսում, որը նախատեսված է 15 հազար մարդու համար:








































