Հունաստանի պաշտպանության նախարարությունը ավարտին է հասցրել Աֆղանստանից իր ստորաբաժանումների դուրսբերումը: Գումարտակի բոլոր զինծառայողները լքել են Քաբուլը՝ իրենց հետ տանելով նաև բոլոր նյութական միջոցները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պաշտպանական գերատեսչությանը:
Այսպիսով՝ ավարտվում է Աֆղանստանում Հունաստանի ուժերի առաքելությունը, որը սկսվել էր 2002 թվականի փետրվարի 17-ին: Իր ուժերի դուրսբերումը գերատեսչությունը բացատրում է ռազմական բյուջեի կրճատմամբ: 2011 թվականին Քաբուլում առաքելության վրա ծախսվել է 6.8 մլն եվրո, 2010-ին՝ 7.7 մլն:
2002 թվականից Աֆղանստանում 33 առաքելությունների կազմում եղել են 3295 զինծառայողներ: Նրանց ծառայության ժամկետը 3-6 ամիս էր: Հույն զինվորականները զբաղվել են, մասնավորապես, շիննախագծերով՝ Քաբուլի ենթակառուցվածքների և օդանավակայանի վերակառուցմամբ, աֆղան զինվորներին մարզելով, մարդասիրական օգնության մատակարարմամբ: Նրանք ապահովել են նաև 299 շարժական վիրահատական հիվանդանոցների աշխատանքը:
Այժմ Աֆղանստանում մնում են 7 հույն օդաչու-հրահանգիչներ՝ մարզելու ռազմական C-27J Spartan ինքնաթիռների աֆղան օդաչուներին: Ժամկետի ավարտից հետո նրանք կվերադառնան հայրենիք:










































