ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր նախկին մրցակից հանրապետական Միթ Ռոմնիի հետ հնդկահավի և հավով աղցանի սեղանի շուրջ քննարկել են աշխարհում Ամերիկյան առաջատար դիրքերի պահպանման հարցը:
«Այսօր կեսօրին նախագահ Օբաման և նահանգապետ Ռոմնին մեկ ժամվա հանդիպում են ունեցել մասնավոր ճաշերի դահլիճում: Նահանգապետ Ռոմնին շնորհավորել է նախագահին՝ նրա քարոզարշավի հաղթանակի կապակցությամբ և առաջիկա չորս տարիների ընթացքում հաջողություն է մաղթել: Նրանց քննարկման կենտրոնում եղել են աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դիրքերը և դրանց պահպանումը ապագայում»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Օբաման և Ռոմնին պայմանավորվել են կապ պահպանել նաև ապագայում:
Ավելի վաղ Օբաման բազմիցս հայտարարել էր Ռոմնիի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Առաջին անգամ նա հայտարարել է այդ մասին, երբ իր հաղթանակի լուրն է ստացել:
Նոյեմբերի 14-ի մամլո ասուլիսի ժամանակ ԱՄն-ի նախագահը կրկին հայտարարել է Ռոմնիի հետ հանդիպելու մտադրության մասին:
Նախագահը նշել է, որ Ռոմնիի փորձը և որոշ գաղափարներ շատ օգտակար են երկրի համար: Նրա կատարած կարևոր գործերի ցանկում Օբաման նշել է Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը:










































