1815թ. այս օրը Կ.Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն՝ Սերովբե Վիչենյանը:
Սովորել է Փարիզի, Պիզայի համալսարանների բժշկական ֆակուլտետներում, ապա վերադարձել Պոլիս և նպաստել տեղի բժշկական գործի կազմակերպմանն ու զարգացմանը: Աշխատել է Պոլսի բարձրագույն բժշկական դպրոցում, եղել դատական բժշկության առաջին պրոֆեսորը, դասավանդել է ներքին օրգանների ախտաբանություն:
Սերովբե Վիչենյանը հիմնել և հրատարակել է ֆրանսիական բժշկության «Գազեթ մեդիկալ դ’Օրիան» թերթը, մասնակցել Ազգային սահմանադրության նախագծերի մշակմանը: Նա եղել է Ազգային գերագույն ժողովի անդամ, հայ ժողովրդին լուսավորելու, բժշկական գիտելիքներ տարածելու նպատակով գրել է «Մանկատածութիւն, որ է բնական բարոյական եւ իմացական հրահանգ խնամատարութեան մանկանց» բժշկափիլիսոփայական աշխատությունը:
Քննել է մարդու գոյությանն ու զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ հենքի վրա առաջ քաշել նաև բարոյագիտական, մանկավարժական խնդիրներ: Սերվիչեն մահացել է 1887 թվականին:









































