Սիրիայի իշխանությունները դիտավորյալ անջատում են կապը, որպեսզի զրկեն իրենց քաղաքացիներին միմյանց հետ շփվելու հնարավորությունից: ԱՄՆ-ն քննադատում է այդ գործողությունները՝ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Վերջին օրը Սիրիայի համակարգող խորհուրդը մեզ հաղորդել է, որ Ասադի ռեժիմը դիմել է բոլոր տեսակի կապերի ՝ բջջային, լարային և նույնիկ համացանցի անջատմանը: Իհարկե, մենք դատապարտում ենք այս գործողությունները, որոնք թույլ չեն տալիս Սիրիայի քաղաքացիներին իրենց կարծիքը հայտնել և համագործակցել միմյան հետ»,- համացանցային լրատվամիջոցները մեջբերում են պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը:
Նուլանդի խոսքերով՝ դա խոսում է ռեժիմի հուսահատության աստիճանի մասին, որը փորձում է կառչել իշխանությունից:
Ինչպես հաղորդվում էր՝ Սիրիայի տարածքում հինգշաբթի անջատվել էր համացանցը: Ըստ հետազոտական Renesys ընկերության տվյալների՝ երկիրն անջատվել է համաշխարհային ցանցից տեղական ժամանակով 12:26-ին:









































