ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Gallup ընկերության դեմ` մեղադրելով նրան պետական կառույցների հանդեպ միլիոնավոր դոլարների խաբեության մեջ, որն իրականացրել է պետական պայմանագրերի համար մատուցած ծառայությունների գների ուռճացման ճանապարհով:
Հայցում ասվում է, որ հասարակական կարծիքի վերլուծությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ Gallup–ի գործողություններից տուժել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը: Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է ծառայությունների համար նախատեսվածից 13 միլիոն դոլար ավել գումարի հաշիվներ։ Բացի այդ, պաշտոնյաները մեղադրել են ընկերությանը, որ, երբ բանակցություններ են ընթացել Ճգնաժամային կառավարման դաշնային գործակալության (Federal Emergency Management Agency) հետ պայմանագրերի գների բարձրացման շուրջ, ընկերության ղեկավարները փորձել են ազդել կառավարության ներկայացուցչի` Թիմոթի Քենոնի վրա, ով պատասխանատու է պետական պայմանագրերի համար:
Հայցը կազմվել է տվյալ կազմակերպության վաշինգտոնյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մայքլ Լինդլի ցուցմունքների հիման վրա, ով 2008 թվականից ի վեր զբաղեցրել է տվյալ մասնաճյուղի քաղաքացիներին ծառայությունների մատուցման բաժնի ղեկավարի պաշտոնը: Նա հայտարարել է, որ կազմակերպությունը բազմիցս բարձրացրել է գները, երբ չի ունեցել մրցակիցներ այս կամ այն պետական պայմանագիրը ստանալու համար:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ անհամբերությամբ են սպասում իրենց անմեղության ապացուցման պահին:
Ամերիկյան հասարակական կարծիքի վերլուխության ինստիտուտը հիմնադրվել է 1935 թվականին, որի հիմքի վրա 1958 թվականին ստեղծվել է Gallup կազմակերպությունը:









































