Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին:
Սփյուռքի նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում դեսպանը պատրաստակամություն էր հայտնել սիրիահայերին առնչվող խնդիրների մասին զեկուցել իր երկրի ղեկավարությանը, այնուհետև սահմանել համագործակցության տարբերակներ:
Պարոն Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել է, որ նրա՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Նախարար Հ.Հակոբյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները և աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն և առաջնահերթություն հատկացնել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի առաջիկայում Հայաստան կայցելեն Իսլամական բարեսիրական կոմիտեի ներկայացուցիչները: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև համատեղ կկազմակերպվեն և կիրականացվեն աջակցության ծրագրերը:









































