«Թալիբան» շարժման ահաբեկիչների հարձակումը սեպտեմբերի 14-ին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում տեղակայված արևմտյան կոալիցիայի Քեմփ Բեսթիոն ռազմաբազայի վրա նախապատրաստված էր Պակիստանում: Այս մասին հայտնում է USA Today թերթը:
Հղում կատարելով ԱՄՆ ռազմական ներկայացուցչին՝ պարբերականը նկատել է, որ տեղեկությունները ստացվել են միակ ողջ մնացած ու գերեվարված զինյալից:
Իր հերթին, Աֆղանստանի հարավ-արևմուտքում կոալիցիայի ուժերի հրամանատար, ԱՄՆ ծովային հետևակի գեներալ-մայոր Չարլզ Հուրգանուսը ընդգծել է, որ «հարձակումը 1 ամիս նախապատրաստվել է»:
Բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 2 ամերիկացի զինծառայող, ևս 9 մարդ ստացել էին վնասվածքներ:
Ահաբեկիչներին հաջողվել էր նաև ոչնչացնել ԱՄՆ ծովային հետևակի «Հարիեր» կորպուսի 6 գրոհային ինքնաթիռ ու 3 լցակայան, վնասել ավիատեխնիկայի 6 պահեստ:









































