Քուվեյթի գրեթե բոլոր քաղաքական խմբավորումները մտադիր են բոյկոտել շաբաթ օրը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է Interfax-ը:
Քուվեյթի ընդդիմադիր շարժումն իր մեջ ներառում է երիտասարդական խմբավորումներ և երկրի խորհրդարանի նախկին անդամներ: Նրա ներկայացուցիչները կոչ են արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, քանի որ նրանց խոսքերով՝ ընտրական համակարգում տեղ գտած փոփոխություններն առավելություն են տալիս կառավարամետ թեկնածուներին:
2011թ. վերջին Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը հայտարարեց խորհրդարանն արձակելու մասին: Այս որոշումը կայացվել էր երկրի կառավարության հրաժարականից հետո: Դրանից հետո 2012թ. փետրվարին երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանական է տարավ ընդդիմությունը՝ զբաղեցնելով խրոհրդարանի 50 տեղերից 34-ը:
Սակայն 2012թ. հունիսին Քուվեյթի սահմանադրական դատարանը որոշեց, որ խորհրդարանն արձակելու մասին որոշումը եղել է ոչ սահմանադրական:
2012թ. հոկտեմբերին էմիրը փոփոխություններ կատարեց նաև երկրի ընտրական համակարգում: Վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրողները հինգ ընտրաշրջաններից յուրաքանչյուրում կարող են քվեարկել մեկ թեկնածուի օգտին, չնայած նակինում կարող էին ընտրել չորս թեկնածուի: Ընդդիմադիրները պնդում են, որ ընդունված փոփոխությունները զրկում են իրենց խորհրդարան մտնելու հնարավորությունից:









































