Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինն առաջարկել է ստեղծել իրանա-ադրբեջանական համատեղ առևտրային պալատ՝ երկու երկրների միջև կապերի զարգացման համար:
Իրանցի դիվանագետն այս առաջարկը հնչեցրել է Ադրբեջանի առևտրա-արդյունաբերական պալատի առաջին փոխնախագահ Նիյազ Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ իրանցի դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմի դյուրացման և սակագների կարգավորման անհրաժեշտությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկու երկրների մասնավոր սեկտորների գործունեության համար:
Ալիզադեն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել երկու երկրների մասնավոր սեկտորների համագործակցությունը, և որ առևտրա-արդյունաբերական պալատը կարող է աջակցել տվյալ ոլորտին:










































