Եթե ամերիկյան տնտեսությանը թույլ տրվի կանգ առնել «ֆինանսական ճեղքվածքի» պատճառով, ապա բացասական հետևանքները կարող են տարածվել աշխարհի մյուս երկրների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով նոյեմբերի 6-ին վերընտրվելուց հետո իր կաբինետի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք պետք է ապահովենք «ֆինանսական ճեղքվածքից» խուսափելու և միջին դասի համար հարկերի բարձրացման հարցի լուծումը»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը: Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ որոշման բացակայությունը բացասաբար կանդրադառնա ազգային տնտեսության, ամերիկյան ընտանիքների, և իրականում, նաև ողջ համաշխարհային տնտեսության վրա:
Օբաման հաստատել է արդար և հավասարակշռված մոտեցման համար իր բաց լինելը՝ նվազեցնելու դեֆիցիտն ու բավարարելու ընկերությունների և սպառողների պահանջները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի իրենք կարողանան շարունակել տնտեսության վերականգնման գործընթացը:
Եթե դեմոկրատներին և հանրապետականներին չհաջողվի փոխզիջման հասնել դրա շուրջ, ապա բյուջեի ծախսերը կարող են ՀՆԱ ավելի քան 4 տոկոսով կրճատվել:










































