Դրա համար շատ բան պետք չէ: Հարկավոր է պարզապես մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին, որը ներդրվելու է 2014թ. հունվարի 1-ից: «168 ժամ»-ը գրում է, որ այս մեթոդը երեկ անուղղակիորեն առաջարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կենսաթոշակային բարեփոխումներ, հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովում: Վարչապետը նախ նշել է, որ ինչպես ցույց է տալիս փորձը, մարդիկ 3-4 տարով ավելի երկար են ապրում, եթե կարողանում են պլանավորել իրենց ապահով ծերությունը: Իսկ ճիշտ պլանավորելու հնարավորություն տալիս է հենց կուտակային կենսաթոշակային համակարգը:
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար: Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին, այսինքն` նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը:






































