Երևանի Հանրապետության հրապարակի տոնածառի համար կօգտագործվեն մոտ 6000 սոճենու ճյուղեր: Դրանք պետք է մատակարարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կազմակերպության ղեկավար Մարտուն Մաթևոսյանը վստահեցրեց, որ սոճենու ճյուղերի հատումը օգտակար է անտառի համար.
«Սոճիների ներքևի ճյուղերը պետք է հատել: Դրանք նպաստում են հրդեհին. երբ ներքևում ճյուղեր կան, հրդեհը միանգամից բռնկվում է, ու ծառն է վառվում: Այս տեսակետից անտառը չի վնասվում»:
Մ. Մաթևոսյանի խոսքով՝ ոստիկանության հետ միասին «Հայանտառը» դեկտեմբերի 1-ից մինչև Ամանոր հսկողություն է սահմանելու հանրապետության տարածքում՝ ապօրինի հատումներ թույլ չտալու համար: Սակայն Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ տարածքում սոճիները պետք է հատել` խնամելու առումով, քանի որ մեր սոճուտները տնկված են 70-ականներին, խիտ են, և ժամանակին նոսրացման հատումներ չեն կատարվել:
Ըստ նրա՝ այժմ Վրաստանից, Հոլանդիայից, Բելգիայից, Ավստրիայից ՀՀ են ներկրում Նոր տարվա եղևնիներ և սոճիներ ու շատ բարձր գներով վաճառում. «Մենք կարող ենք սոճիներ հատել ու վաճառել, եթե, իհարկե, կարողանանք մյուս ապօրինությունների դեմն առնել, քանի որ վերահսկելն արդեն շատ բարդ կլինի: Դա մի կողմից` մեզ համար էլ լավ կլիներ»:







































