ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի բժշկական արդյունաբերության և առողջապահության նախարար Գուրբանմամետ Էլյասովին:
Նախարարները ներկայացրել են իրենց երկրների առողջապահության համակարգը, հիմնախնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կառավարությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին` Երևանում: Երկու երկրի առողջապահության նախարարությունները, համագործակցելով միմյանց հետ, լուրջ ձեռքբերում են ունեցել մալարիայից ազատ գոտու հավաստագրման գործընթացում (Թուրքմենստան` 2010թ., Հայաստան` 2011թ.):
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր համագործակցության ուղղությունները` միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման փորձի փոխանակում, բուժհաստատությունների միջև ուղղակի համագործակցության խթանում, մասնագետների կրթական ծրագրերի իրականացում, մասնագետների և փորձի փոխանակում:
Համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար Դերենիկ Դումանյանը գործընկերոջն առաջարկել է ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր և նշանակել պատասխանատուներ։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել համագործակցության ուղղությունները։








































