ԱՄՆ-ը հերթական անգամ Չինաստանին կոչ է արել ջանքեր գործադրել ազգային փոխարժեքի ամրապնդման համար,- հաղորդում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ առևտրային գործընկերների արժութային քաղաքականության հարցերով հերթական զեկույցում նշվում է, որ չնայած Պեկինի ձեռնարկած միջոցներին, չինական յուանի փոխարժեքը նախկինի պես ցածր է և անհրաժեշտ է ձեռնարկել հետագա քայլեր:
Յուանի ցածր փոխարժեքը ԱՄՆ տնտեսության և երկու երկրների հարաբերությունների մեջ գլխավոր խնդիրներից մեկն է: Չինական արժույթի ցածր փոխարժեքը թույլ է տալիս պահպանել Չինաստանում արտադրված ապրանքների ցածր գները, այն դեպքում, երբ ամերիկացի արտադրողները պարտություն են կրում արտաքին և միջազգային շուկաներում Չինաստանի Ժողորդական Հանրապետության հետ գնային պատերազմում:
Զեկույցում նշվում է, որ 2010 թ. հունիսի համեմատ՝ յուանի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ բարձրացել է մոտավորապես 9-12%-ով: Այնուամենայնիվ, այս դրական փոփոխությունների գործընթացը շարունակում է մնալ անավարտ:
Ամերիկացի փորձագետները համոզված են, որ Չինաստանի իշխանությունները տեղյակ են «բարեփեխումները շարունակելու անհրաժեշտության մասին»:









































