Ամերիկացի զույգն իրենց նորածին աղջկան անվանել են Հեշթեգ (Hashtag)՝ ի պատիվ սոցիալական ցանցերում առկա հատուկ նշանի, որը թույլ է տալիս գտնել գրառումներ՝ հիշատակելով հստակ բառ: Այս մասին հաղորդում է Mashable տեխնոբլոգը՝ վկայակոչելով աղջկա ծնողների ֆեյսբուքյան էջը:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Հեշտեգ Ջեյմսոնը լույս աշխարհ է եկել անցած հանգստյան օրերին: Չի հստակեցվում, թե ինչու են ծնողներն իրենց աղջկա համար ընտրել այսպիսի տարօրինակ անուն:
Սա առաջին նման դեպքը չէ, երբ ծնողներն իրենց երեխաների համար ընտրում են սոցիալական ցանցերի հետ կապված անուններ: 2011 թ. փետրվարին եգիպտացի Ջամալ Իբրահիմն իր դստեր անունը դրել էր Ֆեյսբուք՝ ի պատիվ երկրում սկսված հեղափոխության, որի կազմակերպիչներն ակտիվորեն օգտագործում էին աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը:
Բացի այդ, 2011 թ. մայիսին իսրայելցի զույգն իրենց նորածին աղջկան անվանակոչել էին Լայք (Like) :
Հեշթեգն իրենից ներկայացնում է բառ կամ արտահայտություն, որից առաջ դրվում է #նշանը: Հեշթեգի օգնությամբ սոցիալական ցանցերում կարելի է հետևել հստակ մարդու, երևույթի կամ միջոցառմանը վերաբերվող գրառումներին:











































