Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մեռյալ կետից առաջ տանելու ուղղությամբ: Դժբախտաբար, համանախագահների վերջին այցերը Երևան արդյունք չեն տալիս: Երևանը պետք է հրաժարվի «ոչ մի թիզ հող, ոչ մի քայլ հետ» սկզբունքից: Ստատուս-քվոն պետք է ենթարկվի փոփոխության: Հակամարտության չկարգավորված լինելը կարող է հանգեցնել նրան, որ իրադարձություններն անցանկալի հունով ընթանան:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներն արդեն լավ հայտնի են բոլորին և հաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների կողմից: Ադրբեջանը հավատարիմ է իր նախկին դիրքորոշմանը: Եթե հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է համանախագահների առաջարկները, որոնք հաստատվել են Ակվիլայում պետությունների ղեկավարների հայտարարություններով, ապա եկել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակը:
Ադրբեջանը պատրաստ է աշխատանքներ սկսել համաձայնագրի տեքստի կազմման ուղղությամբ, սակայն դրա համար անհրաժեշտ է հայկական զորքերը դուրս բերել գրաված տարածքներից»:









































