Թուրքական ամենասարսափահարույց Taraf թերթի փոխանցմամբ, WikiLeaks-յան փաստաթղթերում նշված է այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնն արդեն 2002 թվականին տեղեկացվել է Թուրքիայում «խորքային պետության» գոյության մասին.
«2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ տարավ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ)` հավաքելով քվեների 34.43 տոկոսը և 550-հոգանոց խորհրդարանում ստանալով 363 մանդատ: Եվ ահա դրանից ընդամենը 12 օր անց` նոյեմբերի 15-ին, տվյալ ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Պիրսոնը Վաշինգտոնին է ներկայացրել «Թուրքիայի խորքային պետությունը» խորագրով մի զեկույց:
««Խորքային պետությունը» իրականում երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մի մեխանիզմ է («Էրգենեկոն» կազմակերպություն), որում ընդգրկված են կուլիսներում համապատասխան աշխատանքին լծված զինվորական, դատական ու բյուրոկրատական ընտրանու ներկայացուցիչները:
Նրանք տարբեր ոլորտներում կողմնակիցներ են հավաքագրում և փորձում են ազդել երկրի ներքաղաքական ու արտաքաղաքական իրադարձությունների վրա: Այդ ամենն իրականացվում է ապօրինի կերպով. շատ դեպքերում գործի է դրվում շանտաժն ու վախի մթնոլորտ ստեղծելը: «Խորքային պետության» կողմնակիցները նման եղանակներով իրենց կարծիքը փաթաթում են մյուսների վզին:
42 տարվա ընթացքում թուրքական բանակը 4 անգամ (1960, 1971, 1980, 1997) զինվորական հեղաշրջում է կազմակերպել: Ներկայիս սահմանադրությունն էլ ընդունվել է 1982 թվականին` տեղի ունեցած հերթական ռազմական հեղաշրջումից հետո: Վերջին` 1997 թվականին տեղի ունեցած, հետմոդեռնիստական հեղաշրջմանն աջակցել է Արևմտյան աշխատանքային խումբը: Զինվորական հեղաշրջումներն իրականացվել են Թուրքիայում աշխարհիկ ռեժիմի պահպանման համար:
Ընդհանուր առմամբ, «խորքային պետությունը» համեմատելի է քեմալիզիմի (քեմալական պետության) հետ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականներն ունեն հատուկ կարգավիճակ և հանդիսանում են երկրի աշխարհիկ ռեժիմի պահապանները: Երկրի իսլամականացմանն ուղղված կառավարության ցանկացած փորձ կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման: Թուրք զինվորականներին սովորեցնում են, որ հնարավոր բոլոր մեթոդներով պետք է պաշտպանեն պետության շահերը, որոնց հիմքերը դրել է Քեմալ Աթաթուրքը: Թուրքական պետության աշխարհիկ բնույթը կանխորոշել է նրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, որի հռչակած վեց սկզբունքներից մեկը լաիցիզմի գաղափարն է:
Վերջինս կրոնն անջատում է պետությունից, սահմանափակում է իսլամի դերը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և հետևում, որ իսլամը դուրս չգա մզկիթի դարպասներից: Մինչդեռ ԱԶԿ-ն վարում է իսլամամետ ներքին ու արտաքին քաղաքականություն, ինչը բնավ դուր չի գալիս զինվորականներին:
Global Research կենտրոնի վերլուծաբանների համաձայն` «Էրգենեկոն»-ը ամերիկյան նախագիծ է և ստեղծվել է դեռևս «Սառը պատերազմի» տարիներին, Թուրքիայի վրա ԽՍՀՄ հնարավոր հարձակման պարագայում գրավյալ տարածքներում պարտիզանական բնույթի դիմադրություն կազմակերպելու նպատակով։ Ներկայումս «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալվածների թվում են հայտնվել տարբեր հոսանքների քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արհմիութենական առաջնորդներ և ակտիվիստներ, պաշտոնաթող զինվորականներ, լրագրողներ, համալսարանների դասախոսներ և ռեկտորներ:
Ի դեպ, կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ ԱԶԿ-ն նույնպես ամերիկյան մշակում է, և դրա հեղինակը հանրահայտ Նեոկոն Փոլ Վուլֆովիցն է։
Ներկայիս հակասությունները «աշխարհիկների» և «իսլամիստների» միջև Թուրքիայում հրահրվում են ամերիկյան այն կենտրոնների կողմից, որոնք գտնում են, որ այդ երկրի հզորացումը հակասում է ԱՄՆ շահերին։











































