Գերմանական Հալլե քաղաքի հայ համայնքը ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովի որոշման։ Այս մասին գրում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթը։ Խնդիրն այն է, որ Հալլեի քաղաքապետ Տակմար Շապատոսը նախապես իր համաձայնությունն էր տվել հայ համայնքին՝ քաղաքում 1915-ի Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար զետեղելու վերաբերյալ։
Խաչքարը պետք է բացվի Եղեռնի 100-րդ տարելիցին՝ 2015-ին։ Նրա ձևանմուշի վրա ի սկզբանե գրված էր «Ցեղասպանություն» բառը: Սակայն Հալլեի քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովը առաջարկել է այն փոխարինել «ջարդեր և տեղահանություն» բառերով՝ մատնացույց անելով Գերմանիայի խորհրդարանի՝ 2005-ին այդ հարցին վերաբերյալ ընդունած բանաձևը։
Հալլեի հայերը, իրենց հերթին, պնդում են, որ խաչքարի վրա «Ցեղասպանություն» բառի առկայությունը ոչ մի իրավական պարտավորություն չի ենթադրում քաղաքի ղեկավարության և առավել ևս մշակութային հանձնաժողովի համար։
Գերմանահայերի այս ստորագրահավաքին կարելի է մասնակցել՝ http://www.aga-online.org/alert/detail.php?locale=de&alertId=5 էլեկտրոնային հասցեում արձանագրելով ձեր անունը և էլեկտրոնային հասցեն։
Հիշեցնենք, որ գերմանահայերի նմանատիպ նախաձեռնությունները արդեն իսկ մի քանի անգամ հաջողվել են. մասնավորապես՝ երբ նրանք բողոքեցին Մաննհայմ քաղաքի մի հատվածը «Թրքական զանգված» վերանվանելու որոշման դեմ։










































