Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար վաղը Էրզրումում: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ եռակողմ հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով և կապված է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Նյու Յորք մեկնելու հետ: Դրա հետ կապված՝ երեք երկրների արտգործնախարարները որոշել են հանդիպել այլ ժամանակ, սակայն ստույգ ժամկետը դեռ չի նշվում:
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մարտին Նախիջևանում:








































