Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը հաստատել է Կանադայի Կենտրոնական բանկի տնօրեն Մարկ Քարնիի թեկնածությունը Անգլիայի բանկի ղեկավարի պաշտոնում: Այս մասին ասված է բրիտանական վերահսկիչ մարմնի մամլո հաղորդագրությունում:
Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Քարնիի լիազորությունների ժամկետը 5 տարի է, այլ ոչ՝ 8, ինչպես ավելի վաղ գրում էին ԶԼՄ-ները: Այս մասին հաղորդվում է խորհրդարանական լսումների առցանց հեռարձակման տեքստում, որը տեղադրված է բրիտանական The Gurdian թերթի կայքում: Օսբորնի խոսքով՝ Կանադայի Կենտրոնական բանկի ղեկավարը կստանա Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:
Անգլիայի բանկը այս տարվա սեպտեմբերի կեսերին հայտարարել էր, որ նոր ղեկավար է փնտրում: Ներկայիս ղեկավար Մերվին Քինգը կլքի պաշտոնը 2013-ի հունիսին՝ իր երկրորդ 5-ամյա ժամկետի ավարտից հետո: Բրիտանական օրենքներով՝ Կենտրոնական բանկի ղեկավարը չի կարող պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի:
Անգլիայի բանկի պաշտոնի հավակնորդներն էին Ֆինանսական վերահսկիչ մարմնի՝ Financial Services Authority-ի ղեկավար Ադեր Թերները, Բանկային գործունեության անկախ հանձնաժողովի ղեկավար Ջոն Վիկերսը, տնտեսական և արժութային հարցերով եվրոպական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Շարոն Բոուլզը և այլք: Ֆավորիտ էր համարվում Անգլիայի բանկի փոխնախագահ Փոլ Թաքերը:









































