Սաուդյան Արաբիան զբաղեցրել է առաջին տեղը արաբական երկրների շարքում և երրորդ տեղն աշխարհում՝ զարգացող երկրներ դրամական փոխանցումների ծավալով: Համաշխարհային Բանկի տվյալներով` այդ գումարը մինչև տարեվերջ կկազմի $28,4 մլրդ, հայտնում է արաբական «ալ-Արաբիա» պարբերականը:
Western Union ընկերության տվյալներով` 4 տարվա ընթացքում թագավորությունում աշխատող օտարերկրացիները տուն են ուղարկել $112 մլրդ, այս գումարի 25%-ն ուղարկվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ: Ըստ համաշխարհային բանկի հետազոտությունների` 2000-2010 ժամանակահատվածում օտարերկրացի աշխատողները Սաուդյան Արաբիայից տարել են $194 մլրդ, իսկ ընթացիկ տարվա 10 ամսիների ընթացքում այդ թիվը կազմել է $26,6 մլրդ:
Սաուդյան Արաբիայում աշխատող օտարերկրացիներն 8 մլն են, որոնցից 6-ը զբաղված է մասնավոր սեկտորում: Հետաքրքիր է, որ մասնավոր սեկտորում աշխատում են 90% օտարերկրացիներ, միայն 10%-ն են տեղացիներ:
Արտասահմանցի աշխատողների հաշիվներով շրջանառվում է մասնավոր սեկտորի դրամական փոխանցումների 18%-ը: Համաշխարհային բանկը նշում է, որ 2012-ին գլոբալ մակարդակով այդ փոխանցումները կհասնեն $406 մլրդի` անցյալ տարվա համեմատ աճելով 6,5%-ով: Ամեն տարի այս թիվը մեծանում է ավելի քան 10%-ով և 2015-ին կկազմի $534 մլրդ:






































