Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 3-րդ համերգային երեկոն:
Համերգը կանցկացվի «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» ծրագրի շրջանակում: Համերգի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համերգի մենակատարներն են Պերճ Քարազյանը (տենոր), Ինգա Կարապետյանը (մեցցո սոպրանո):
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անց է կացվում 2010թ-ից: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:
Համերգի սկիզբը՝ 19:30-ին:








































