Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի աճյունն այսօր արտաշիրիմվել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Պաղեստինի ձայն» ռադիոկայանին:
Արտաշիրիմումը տեղի է ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափի վարչական կենտրոնում՝ Ռամալահ քաղաքում, մամուլի համար փակ ռեժիմով:
Պաղեստինի իշխանությունների հրավերով արտաշիրիմման գործընթացին մասնակցում են մասնագետներ Ռուսաստանից և Շվեյցարիայից, բացի այդ, Ռամալահում է գտնվում ֆրանսիացի քննիչների ջոկատ, որը գործում է Ֆրանսիայում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ակնկալվում է, որ Արաֆաթի աճյունը հողին կհանձնվի այսօր ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Յասիր Արաֆաթը մահացել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին Փարիզից ոչ հեռու գտնվող ռազմական հիվանդանոցում: Արաֆաթի մահվան պաշտոնական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2012-ի ամռանը Լոզանի ռադիոֆիզիկային ինստիտուտի աշխատակիցները «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողների խնդրանքով ուսումնասիրեցին հանգուցյալի անձնական իրերը և դրանց վրա հայտնաբերեցին ռադիոակտիվ պոլոնիում-210, որը տեսականորեն կարող էր մահվան հանգեցնել։








































