France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում առաջին անգամ դատում են ցանցահենի: Խոսքը Red Hack ցանցահենային խմբի 10 անդամների մասին է, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ: Նրանցից երեքը ձերբակալվել են մարտին:
Թուրքական դատախազությունը պնդում է, որ ցանցահենները 1997 թվականից ապօրինի ձևով ձեռք են բերել գաղտնի փաստաթղթեր և ինտերնետից օգտվողների անձնական տեղեկատվություն, ինչպես նաև «կոտրել» են մասնավոր համակարգեր: Նրանց հարձակումներից տուժել են ոչ միայն մասնավոր անձինք, այլև պետական մարմինները՝ հետախուզությունը, ինտերնետի վերահսկման գերատեսչությունը և Turkish Airlines ավիաընկերությունը:
Դատախազության պնդմամբ՝ դրանով իսկ ցանցահենները թուլացրել են իշխանություններին և կարգ են խախտել: Ցանցահենները, սակայն, պնդում են, թե իրենց գործողություններն իրականացվել են ազատ արտահայտվելու համար պայքարի շրջանակներում: Այժմ ցանցահեններին սպառնում է 8-24 տարվա ազատազրկում: Քննիչները կարծում են, որ Red Hack-ը կապված է Anonymous միջազգային ցանցահենային խմբի հետ:







































