Հարի Փոթերի մասին վեպերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի տունը վաճառվել է օնլայն-աճուրդում,- հաղորդում է Mirror թերթը:
Առանձնատան նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե Էդինբուրգում գտնվող Ռոուլինգի տունը ինչքանով է վաճառվել: Պարբերականի տվյալներով՝ այն զգալիորեն գերազանցել է մեկնարկային գինը, որը կազմել է 2.77 միլիոն եվրո:
Տունը կառուցվել է 19-րդ դարում: Այդ տանը գտնվող աշխատասենյակում Ռոուլինգը ստեղծել է Հարի Փոթերի մասին հայտնի գրքերի մեծ մասը:
Երեք երեխաների մայր, 46-ամյա Ջոան Ռոուլինգը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գրողն է: Տարբեր տվյալների համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար: Նա ավելի հարուստ է, քան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և պատկանում է աշխարհի ամենահարուստ կանանց թվին: Հարի Փոթերի մասին պատմող գրքերը թարգմանվել են 74 լեզուներով և վաճառվել են ավելի քան 450 միլիոն օրինակով:









































