Ինչպես տեղեկացնում է PIX11 News-ը, Գոհաբանության օրվան նվիրված շքերթին բաց թողնված կոնֆետիները պատրաստվել են գաղտնի փաստաթղթերից:
Կոնֆետիների ոչ սովորական բովանդակության վրա ուշադրություն էր դարձրել ուսանող Իթան Ֆինքելսթինը: Նա պատմել է, որ թղթիկների վրա թվեր է տեսել, որոնք շատ նման են եղել ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տրվող սոցիալական ապահովագրության իննանիշ համարներին։
Ուշադիր նայելով՝ ուսանողը համոզվել է, որ դա, իրոք, ինչ-որ մեկի սոց համարն է: Բացի դրանից, թղթիկների վրա եղել են ինչ-բանկի հաշիվներ, ծննդյան ամսաթիվ, հասցե և հեռախոսահամար:
Կոնֆետիներն այնպիսի տեսք են ունեցել, կարծես փաստաթղթերը ոչնչացնող սարքով անցկացվել են հորիզոնական դիրքով: Այսպիսով երիտասարդներին դժվար չի եղել գուշակել, որ այդ թղթիկները պատրաստվել են Nassau ոստիկանական բաժանմունքի գաղտնի փաստաթղթերից:
Ոստիկանության նեկայացուցիչն ասել է, որ շատ է անհանգստացած իրավիճակով, իսկ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը խոստացել է նաև ուշադրություն դարձնել փաստաթղթերի պահպանմանը: Շքերթի կազմակերպիչները հայտարարել են, որ ոչ մի առնչություն չունեն կոնֆետիների պատրաստման հետ՝ նշելով, որ շքերթի պաշտոնական կոնֆետիները բոլորովին այլ տեսք պետք է ունենային։







































