Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն իր հայրենակից` փոփ երգիչ Ջասթին Բիբերին հոբելյանական մեդալ է հանձնել: Մեդալը հատվել է Եղիսաբեթ II-ի գահակալության 60-ամյակի կապակցությամբ` հայտնում է ITAR-TAS-ը:
Ըստ Կանադայի Սահմանադրության` Եղիսաբեթ II-ը նաև այս երկրի ղեկավարն է: Կանադայում հատվել է ընդամենը 60 000 մեդալ` իրենց ծառայությունների համար քաղաքացիներին պարգևատրելու համար:
Մեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Օտտավայում` 18-ամյա երգչի համերգից առաջ: «Ես երջանիկ եմ Բիբերին մեդալ հանձնել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարփերը:
Վարչապետի ներկայացուցիչ Ժյուլի Վոյի խոսքով` «կարճատև զրույցի ընթացքում պարզվել է, որ Ջասթինը սեղանի թենիս է խաղում, և կառավարության ղեկավարն ու երգիչը պայմանավորվել են միասին խաղալ»:









































