Երկու օր առաջ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավագյանը, ով նախկինում եղել է «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Ա. Ավագյանը նախորդ պաշտոնից պարզապես հեռացվել է: Ընդ որում` հեռացվել է երկու անգամ և երկու նկատողությունների հիման վրա: Ինքը՝ Ա. Ավագյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց այդ լուրերը` ասելով, որ դա սուտ տեղեկատվություն է: Նա ավելացրեց, թե ինքը գործից ազատվել է 2010թ. նախարարությունում կատարված կառուցվածքային փոփոխության արդյունքում, բայց անցել է այլ աշխատանքի:
Մենք փորձեցինք մեր տեղեկությունները ճշտել նաև «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից», որտեղից հաստատեցին, որ Ա. Ավագյանը 2 անգամ ազատվել է այդ ծառայության կազմում գտնվող ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Առաջին անգամ ազատվել է 2011թ.` ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի կողմից, այնուհետև դատական կարգով վերականգնվել է այդ պաշտոնին: Երկրորդ անգամ ազատվել է 2012թ. հուլիսին` աշխատանքային թերացումների արդյունքում 3 նկատողություն ստանալուց հետո` արդեն նոր պետ Աբրահամ Բախչագուլյանի կողմից: 4 ամիս հետո նույն նախարարությունում նշանակվել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Մեր տեղեկություններով` Ա. Ավագյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել ՕԵԿ-ական նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի օրոք: Երկու օր առաջ նա իր նոր պաշտոնին նշանակվել է նույն ՕԵԿ-ական կամ կոալիցիոն պայմանավորվածության արդյունքում:
Մենք փորձեցինք նրա հետ հեռախոսազրույցում ճշտել նաև այս տեղեկությունները, սակայն նա անջատեց հեռախոսը` ասելով, որ զբաղված է:









































