Սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը:
Կազմակեպության ղեկավար Ռամի Աբդելռահմանի խոսքով՝ զոհերի կեսը խաղաղ բնակիչներ են, մյուսները՝ զինվորականներ և ապստամբներ: Նա նաև նշել է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն շատ լինել ներկայացվող թվից, քանի որ կառավարությունն ու ընդդիմությունը թաքցնում են կորուստների իրական թվերը՝ գերազանցության տեսլական ստեղծելու համար:
Աբդելռահմանը հավելել է, որ կազմակերպության հաշվարկներում ներառված են միայն նրանք, որոնց մահը հաստատել են ընկերները կամ հարազատները: «Դեռ 10-15 հազար բանտարկյալներ կան, որոնց մենք չենք կարող ներառել, քանի որ չգիտենք՝ նրանք ո՞ղջ են, թե՞ մեռած»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայում բանակի և զինված ընդդիմության միջև առճակատումը շարունակվում է 2011-ի մարտից:









































