Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցվել է ականի պայթելու 15 դեպք, որոնցից 11-ն առնչվել է զինվորականներին, իսկ 4-ը՝ քաղաքացիական անձանց:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաստատած տվյալներով՝ զինվորականներին առնչվող այդ 11 պայթյուններից տուժել է 11 զինվորական, որոնցից 3-ը զոհվել են: Ականի վրա պայթել է 1 ենթասպա, 3 սպա, 7 զինվոր: Զոհվածներից 1-ը սպա է, իսկ 2-ը՝ զինվորներ, տուժածներից 8-ը եղել են 18-21 տարեկան:
Նշվում է, որ զինվորականներն ականների վրա հիմնականում պայթել են օպերատիվ առաջադրանքի կատարման ժամանակ: Նախորդ տարվա համեմատ՝ կտրուկ աճել են ականների վրա պայթելու դեպքերը: Նախորդ տարի շփման գծում գրանցվել էր ականների պայթման 4 դեպք, ինչի հետևանքով տուժել էր 3 զինվորական:
Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչության հետ կապված ականների պայթյուններին, ապա 4 դեպքից 3-ը տեղի են ունեցել ականավտանգ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ: Դրա հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 3 մարդ:









































