Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ադրբեջանի կառավարական գործակալությունը, մասնավորապես Trend-ը, Լեռնային Ղարաբաղի «անջատողական ռեժիմի» ղեկավարին ներկայացրել է որպես ԼՂՀ նախագահի:
Խոսքը «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Հայաստան» խորագրով նյութի մասին է (http://www.trend.az/news/karabakh/2091286.html), որում նշված է հետևյալը.
«Հինգշաբթի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ միասին այցելել են Լեռնային Ղարաբաղ, ուր բանակցություններ են վարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ»:
Ադրբեջանական լրատվամիջոցն ընդգծում է, որ դժվար է հավատալ, թե գործակալության աշխատակիցները տպագրական վրիպակ են թույլ տվել, քանի որ սովորաբար ադրբեջանական կառավարական ԶԼՄ-ները Լեռնային Ղարաբաղում գործող ռեժիմին հիշատակելիս գործածում են չակերտներ կամ այլ «տարբերակիչ նշաններ»՝ ընդգծելու համար Լեռնային Ղարաբաղի պետական կազմավորման «ապօրինի» բնույթը:
Մի՞թե պաշտոնական Բաքուն սկսել է վերանայել Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի հայեցակարգը: Կարծես թե մեկ շղթայի օղակներ լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու, Հայաստանի խորհրդարանի նախագահի ակնկալվող այցը և Trend լրատվական գործակալության այս նորությունը:






































