Այսօր Գյումրիի քաղաքապետարանում հետաձգվեց ֆինանսական աուդիտ անցկացնելու հարցը: Այսօր կայացավ Գյումրի քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նախատեսված քննարկումը` ֆինանսական աուդիտ իրականացնելու մասին, տեղի չունեցավ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, այս պահին քաղաքապետարանի պարտքերի վերաբերյալ ստուգումներ են անցկացվում և մարզպետարանների, և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
«Այս դեպքում նոր ուսումնասիրությունը կաթվածահար կաներ աշխատանքները, այդ պատճառով հետաձգվեց քննարկումը»,- հստակեցրեց նա: Հարցին, թե ավագանու անդամները դե՞մ են այդ հարցի քննարկմանը՝ նա պատասխանեց, որ դեռ ավագանու անդամները չեն բարձրաձայնել իրենց կարծիքները, որովհետև այդ մասին քննարկում չի եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ավագանու անդամների մի մասը փորձելու է բոյկոտել նիստը, որպեսզի աուդիտ չանցկացվի, քանի որ ավագանու անդամները ամբողջությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի վստահելիները չեն: Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ավագանու անդամները ԲՀԿ տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ են:










































